Տեսակային բազմազանություն
Ինչ է սա։ Կարևոր է, որ քաղաքն ունենա բազմազան էկոհամակարգ, որտեղ չեն գերիշխում ընդամենը մի քանի ծառատեսակներ։ Սա ունի ոչ միայն գեղագիտական նշանակություն, այլև երաշխավորում է, որ քաղաքային անտառը պակաս խոցելի կլինի վնասատուների նկատմամբ։
Ստանդարտը։ Լայնորեն ընդունված ստանդարտ է Սանտամուրի 10/20/30 կանոնը, ըստ որի՝ ոչ մի տեսակ չպետք է կազմի պոպուլյացիայի 10%-ից ավելին, ոչ մի ցեղ՝ 20%-ից ավելին, և ոչ մի ընտանիք՝ 30%-ից ավելին։ Սա համապատասխանում է Ջինի-Սիմփսոնի ինդեքսի 0.9-ից 1.0 արժեքին։ Նման բարձր ցուցանիշներ իրական քաղաքներում հազվադեպ են հանդիպում, բայց որքան մոտենանք դրանց, այնքան լավ։
Ընթացիկ վիճակը։ Երևանի համար Ջինի-Սիմփսոնի ինդեքսը ներկայումս կազմում է 0.7784 , ինչը լավ ցուցանիշ է։ Բարելավման տեղ դեռ շատ կա, սակայն Երևանը «կանաչ անապատ» չէ, և քիչ հավանական է, որ որևէ մեկ վնասատուի բռնկում աղետալի ազդեցություն ունենա քաղաքի կանաչապատման վրա։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք հաշվարկում ենք այս ինդեքսը՝ հիմնվելով կամավորների կողմից զննված ծառերի տվյալների վրա։ Թեև մենք տվյալներ ունենք միայն մոտ 10 հազար ծառի մասին, դա բավարար է բազմազանությունը հաշվարկելու համար։
Նաև խնդրում ենք նկատի ունենալ, որ այս արժեքը ներկայումս վերաբերում է ամբողջ քաղաքին։ Չնայած քաղաքին ամբողջությամբ վտանգ չի սպառնում, առանձին թաղամասեր շատ հնարավոր է, որ լինեն «կանաչ անապատներ»։