Խրամուղիների փորման 4 դեպք Արաբկիրում

  • Կարգավիճակ՝ պատասխանը ստացվել է (19.06.2026):

2026 թվականի հունիսին մենք հայտնաբերել ենք խրամուղիների փորման 4 դեպք Արաբկիր վարչական շրջանում, որոնք, մեր համոզմամբ, ապօրինի են համաձայն Ավագանու 405-Ն որոշման։

Հունիսի 9-ին մենք հետաքննության հարցում ենք ուղարկել և՛ Էկոտեսչություն, և՛ Երևանի քաղաքապետարան։

Էկոտեսչության պատասխանը

Հունիսի 12-ին մենք ստացել ենք Էկոտեսչության № 01/30.1/2/4226-2026 պատասխանը՝ ստորագրված Արտակ Գրիգորյանի կողմից.

Ի պատասխան Ձեր 2026 թվականի հունիսի 9-ին էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (այսուհետ Տեսչական մարմին) շինարարական կազմակերպությունների կողմից Երևանում բնապահպանական նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ, հասցեագրված № 2044733 դիմումի տեղեկացնում եմ, որ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակում, դիմումում նշված հանգամանքները պարզելու նպատակով, հրավիրվել է մասնագետ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ Արաբկիր ստորաբաժանման դենդրոլոգ Գ.Ավանեսյանը, որի հետ միասին շրջայց է կատարվել Արաբկիր վարչական շրջանի տարածքում, մասնավորապես. Ազատության պողոտա 1, Ազատության պողոտա 9, Ազատության պողոտա 13/2 և Գյուլբենկյան փողոց 34 հասցեներով, որտեղ Գ.Ավանեսյանը զննելով նշված տարածքներում առկա ծառերը, մասնագիտական կարծիք է հայտնել, որ խրամուղիների փորման աշխատանքների արդյունքում ծառերը մինչև աճի դադարեցման աստիճան չեն վնասվել:

Միժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219¹-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումները քննում են տեղական ինքնակառավարման մարմինները:

Քաղաքապետարանի պատասխանը

Հունիսի 19-ին մենք ստացել ենք քաղաքապետարանի № 19/81035-26 պատասխանը՝ ստորագրված աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ղուկասյանի կողմից.

Ի պատասխան 10.06.2026թ. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ձեր դիմումի՝ տեղեկացվում է, որ Ազատության և Բաբայան փողոցների հարող տարածքում Երևանի քաղաքապետարանի աշխատանքային ծրագրով իրականացվում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ՝ համաձայն հ.ՀՇԹ/3/3947-25 շինարարության (ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման) թույլտվության։

Մեր եզրակացությունները

Այս պատասխանները վեր են հանում բնապահպանական պաշտպանության համակարգի կարևոր բացը: Էկոտեսչությունը պատշաճ մարմին չէ այն դեպքերի համար, երբ ծառն անմիջապես չի չորացել, քանի որ նրանք չունեն իրավական գործիքներ և լիազորություններ՝ ոչ մահացու վնասների հետ աշխատելու համար:

Քաղաքապետարանն իր պատասխանում հրաժարվեց որևէ քայլ ձեռնարկել՝ ըստ էության օրինականացնելով խախտումները՝ հղում անելով շինարարության թույլտվությանը, որն ակնհայտորեն անտեսում է էկոլոգիական պաշտպանության նորմերը: Սա վկայում է այն մասին, որ վերահսկող մարմինը չի կարողանում ապահովել իր իսկ կողմից սահմանված չափանիշների կատարումը, ինչը իրավական անփութության դեպք է:

Եթե ունեք որևէ մեկնաբանություն կամ առաջարկություն, խնդրում ենք ուղարկել մեր Telegram զրուցարան։